• 01.02.2026 13:33

Մեր ճանապարհը Արամի հետ սկսվեց շատ պարզ։ Ես ապրում էի մեր հարևանուհու տանը, երբ մի օր նա եկավ այստեղ։ Սկզբում մենք մի քանի անգամ հանդիպում էինք, ես նրան բացասական պատասխաններ տալիս էի, բայց հետո ծանոթացանք, և 2012 թվականի հունվարին մենք ընտանիք կազմեցինք։

Արամս և ես սիրով էինք ապրում։ Նա օրինակելի հայր էր մեր երկու աղջիկների համար, իսկ ինձ համար՝ ամեն ինչի արժանի ամուսին։ Նա չափից դուրս բարի էր։ Բնավորությամբ նման մարդ գտնել դժվար է։ Նույնիսկ, երբ մեկը վատ էր տրամադրված նրա հանդեպ, նա միշտ փորձում էր լուծել իրավիճակը, չէր չարանում մարդկանց։ Բարի տղա էր Արամը։

Նա պարբերաբար մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու։ Նրա եղբայրը՝ Ժորան, ոստիկանության զորքերում էր ծառայում։ 2019 թվականին Արամս էլ որոշեց միանալ իր եղբորը։ Նա սիրով էր կատարում իր աշխատանքը, սիրում էր ոստիկանության համակարգը։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Պատերազմի օրն Արամս աշխատանքի չէր։ Ժորան եկավ, հարցրեց՝ ուր է Արամը, հիմա տագնապ կհայտարարեն։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, նա պատասխանեց՝ պատերազմ է։ Այնուհետև Արամս զանգեց, նա ընկերոջ տանն էր։ «Շորերս պատրաստիր, զորամասից զանգել են, գնում ենք»։ Նրանք գնացին զորամաս, մեկ օր մնացին այնտեղ, հաջորդ օրը վերադարձան։ Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը նրանք մնացին Օմար՝ Քարվաճառ գյուղում։ Այդ ամբողջ ընթացքում մենք միշտ կապի մեջ էինք։ Բայց զրույցներս կարճ էին, քանի որ մտավախություն ուներ, որ մենք լսվում ենք, և կարող են նրանց թիրախավորել։

Մեկ ամիս անց, նոյեմբերի 2-ին, Արամիս եղբայրը ինձ ասաց՝ «Ի՞նչ մաղարիչ կանես, եթե ամուսնուդ տուն բերեմ»։ Հոկտեմբերի 29-ի լուսադեմին՝ ժամը երեքին, Արամս վերադարձավ։ Ես նրան ասացի՝ «Արա՛մ, էլ չգնաս»։ Այդ մեկ ամիսը խելագար էի դարձել։ Գիշեր ու ցերեկ չէի քնում, ամեն րոպե միայն մեկ բանի մասին էի մտածում՝ դրոշը մեր դռանը չկախեն։ Նա այդ օրն ինձ ասաց, որ էլ չի գնալու։ Բայց հետո մտափոխվեց։ Նոյեմբերի 2-ին տեղեկացրեց, որ պետք է նորից մեկնի։ Երբ նրան համոզում էի, որ չգնա, նա պատասխանեց. «Որտեղ իմ եղբայրը, իմ ընկերները, այնտեղ՝ ես»։ Ահագին խոսեցինք այդ օրը, ասաց. «Եթե եղբայրս գնա, ու իր հետ մի բան լինի, ես ամբողջ կյանքս մեզ չեմ ների»։ Եվ նա որոշում կայացրեց, որ պետք է նորից մեկնի մարտի դաշտ։ Նոյեմբերի 2-ից նրանք գնացին Վարդենիս։ Այնտեղ պետք է մնային, ամսի երեքին, երբ զրուցում էինք, ասաց, որ ռոումինգում է։ Պարզ էր, որ Արցախում է։ Մեկ օր խոսեցինք, հետո երկու օր լուր չունեցանք։ Նոյեմբերի 7-ին նա զանգեց։ Առավոտյան շուտ աշխատանքիս վայրում էի, Արամս զանգեց։ «Երկու օր է՝ քո հետ կապ չունենք, խելագարվում ենք, ինչո՞ւ չէիր զանգում»։ Նա միայն ասաց, որ կապ չկար իրենց մոտ։ Հարց ու փորձ արեց, թե ինչպես եմ ես, երեխաներն ինչպես են։ «Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ»։ Այդ օրն ասաց նաև, որ կզանգի, ծնողների հետ կխոսի, և… վերջ։

Նոյեմբերի 7-ին Արամի հետ վերջին զրույցն էր։ Նոյեմբերի 9-ին էր, երբ սկեսրայրս երեկոյան մեր տուն եկավ։ Նրա առաջին հարցս էր՝ «Հո Արամիս բան չի եղել, որ այդ ժամին եկել եք»։ Նա արձագանքեց՝ «Վիրավոր է, բերում են»։ Մենք գնացինք Արամի հայրական տուն։ Ամբողջ օրը բոլոր հնարավոր տեղեկատուներ զանգահարեցի, բայց ինձ ասում էին, որ էլ Արցախից եկող բրիգադ չկա, նոյեմբերի 9-ին զինադադար է եղել։ Ամբողջ ընտանիքով տարբեր տեղեր էինք գնում՝ Կարմիր խաչ, զորամաս, բայց ոչ մի տեղ մեզ որևէ բան չէին ասում։ Նոյեմբերի 14-ն էր։ Բոլորն արդեն գիտեին լուրը, բայց ինձ ոչինչ չէին ասում։ Դրանից առաջ մեկ ամբողջ օր մտքով Արամի հետ էի, խոսում էի նրա հետ, հարցնում, թե որտեղ իրեն փնտրեմ, արդեն խելագարության էի հասնում։ Այդ օրվա գիշերը երազ տեսա, Արամս եկավ մեր տուն, երեք անց կես էր, իր ընկերոջ՝ Վիգենի հետ էր։ «Ո՞ւր էիր կորել, քեզ էինք փնտրում»։ Երազիս մեջ արձագանքեց. «Եկել եմ, ժամը երեք անց կես գնալու եմ»։ Գրպանից երկու աչքի ուլունք հանեց ու ինձ ասաց. «Սա քո մոտ կպահես, ոչ մեկին չտաս»։ Հիմա մնաց