• 01.02.2026 15:23

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մենք հանդես գնացինք «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակային փաստաթղթի մասին համատեղ հայտարարությամբ։

«Թրամփի ուղին» նախագծի իրականացումը Հայաստանում կօգնի զարգացնել տարածաշրջանի առևտրային, տարանցման և էներգետիկ հնարավորությունները՝ դրական ազդեցություն ունենալով բարեկեցության և անվտանգության վրա։ Այս հայտարարությունը հաջորդում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և իմ նախօրեին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։

Փաստաթղթի հիմքում ընկած են հանձնառություններ, որոնք ստանձնվել են 5 ամիս առաջ ԱՄՆ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում։ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Թրամփի ուղին» նախագիծը ուղղված է խթանելու տարածաշրջանում խաղաղությունն ու կայուն զարգացումը։