• 28.07.2026 13:06

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավական կարգավիճակը։

Նամակում նա նշել է, որ այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար։ Ընտանիքները ցանկանում են իմանալ, թե ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրենց հարազատները ունեցել են ինչ իրավական կարգավիճակ։

Զոնաբենդը հատկապես նշել է, որ պարզաբանման անհրաժեշտությունը հրատապ է դարձել Ադրբեջանում տեղի ունեցող դատական վարույթների համատեքստում, որոնք, նրա կարծիքով, թերի են, հիմնարար երաշխիքներից զուրկ և հիմնված չեն փաստական կամ իրավական հիմքերի վրա։

Նա խնդրել է ԿԽՄԿ-ին պարզաբանել, թե Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին այցելելիս պատվիրակները դիտարկել են որպես ռազմագերիներ, անվտանգության նկատառումներով կալանավորվածներ, ինտերնացվածներ, թե՞ ունեցել են այլ որևէ կարգավիճակ։

Ըստ Վերոնիկա Զոնաբենդի՝ այս հարցի պարզաբանումը կօգնի ընտանիքներին ավելի վստահությամբ և ճշգրիտ պատկերացմամբ մոտենալ իրենց հարազատների իրավական իրավիճակին՝ միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ-ի մարդասիրական այցելությունների չափորոշիչների տեսանկյունից։

Հիշեցնենք, որ Բաքվում պահվող հայ գերիների հարազատները մտահոգված են նրանց առողջական վիճակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ անկախ հասանելիություն են ունեցել հայ գերիների հետ, սակայն ԿԽՄԿ-ն նախորդ սեպտեմբերի 3-ին դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։