• 03.06.2026 18:16

Անհանգստացնող լուրեր են հասնում Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների շուրջ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց։ Սա նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։

Ըստ իմ աղբյուրների, սա ընդամենը սկիզբն է։ Կան տեղեկություններ, որ առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ, որոնք վերաբերելու են «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին։

Հիշեցնենք, որ «Ջերմուկ» ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ ակտիվորեն համագործակցում է ՔՊ-ի հետ։ Ավելին, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։

Այս իրադարձությունների հետևում կարող է լինել ավելի խորը պատճառ։ Պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել 2018 թվականին Վլադիկավկազում տեղի ունեցած մի դեպք, երբ մահացել էր մարդ, որը խմել էր «Ջերմուկ» հանքային ջուր։ Գործը նախկինում կասեցվել էր, քանի որ հնարավոր չէր պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Այժմ այն վերաբացվել է «նոր հանգամանքների» լույսի ներքո։

Չի բացառվում, որ այս «նոր հանգամանքները» իրականում քաղաքական ենթատեքստ ունենան։ Ամենամտահոգիչն այն է, որ նման ճնշումները կարող են շարունակական լինել՝ կապված Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող աշխարհաքաղաքական քաղաքականության հետ։