Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներսում ընթանում են բուռն քննարկումներ, որոնց արդյունքում կարող են փոփոխվել ոչ միայն Ազգային ժողովի ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության բարձրաստիճան գործիչների կազմը։
Ըստ իմ տեղեկացված աղբյուրների՝ վարչության փակ քննարկումների ընթացքում արձանագրվել է, որ կուսակցությանը անհրաժեշտ է «դիմափոխվել»։ Այս փոփոխությունները, ինչպես նախատեսվում է, չեն սահմանափակվելու միայն ԱԺ նախագահի և նրա տեղակալների պաշտոնների փոփոխությամբ։
Հատկապես քննարկման կենտրոնում է խորհրդարանական խմբակցության ղեկավարության կազմը։ Ըստ իմ տեղեկությունների՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու նրա քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այլևս չեն համարվում այն գործիչներ, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։
Հայկ Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել հանրային մեծ արձագանք ստացած մի շարք հանգամանքներ։ Դրանցից են ինչպես ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, այնպես էլ նրա եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։ ՔՊ ներսում հիշեցնում են, որ մինչև կուսակցությանը միանալը Կոնջորյանը եղել է 3 տարբեր քաղաքական ուժերի անդամ։ Այժմ, երբ Ալեն Սիմոնյանի ազդեցությունը կուսակցության ներսում զգալիորեն նվազել է, Կոնջորյանի դիրքերը ևս ենթակա են վերագնահատման։
Ինչպես իմ աղբյուրները տեղեկացնում են, թեև Կոնջորյանը վերջին փուլում աջակցություն չցուցաբերեց Ալեն Սիմոնյանին և նույնիսկ առաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու, այդ քայլը նրան քաղաքական դիվիդենտներ չի բերել։ Ըստ աղբյուրների՝ նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր կարիերայի հետ կապված հարցերով։
Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ իմ տեղեկացված աղբյուրների, կուսակցությունում ընդունված է, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։ Այդ պատճառով նա ևս այլևս չի դիտարկվում որպես խմբակցության քարտուղարի պաշտոնը պահպանելու կամ այդ ուղղությամբ առաջ շարժվելու թեկնածու։
Այսպիսով, կուսակցությունը նախընտրում է իր ներսում բարձր հեղինակություն ունեցողներին առաջ տանել։