• 28.07.2026 13:01

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին։

Բացի այդ, Մարթա Կոսը հանդես է եկել բանախոսությամբ Շիրակի Մայր բուհում, որտեղ կիսվել է իր անձնական փորձով և խոսել ժողովրդավարության կարևորության և դրա վրա ազդող գործոնների մասին։

«40 տարի առաջ ես ընդամենը ուսանող էի Սլովենիայի Սոցիալական Ֆեդերալ Հանրապետությունում։ Սովորում էի ժուռնալիստիկայի և քաղաքականությունների ֆակուլտետում․ չգիտեի, որ մի քանի տարի անց իմ երկիրը, որտեղ ես ծնվել էի, էլ գոյություն չի ունենալու։ Չգիտեի, որ որպես լրագրող պիտի իմ գործունեությունը սկսեի և մի օր էլ դառնայի ընդլայնման հարցերով հանձնակատար»,- նշել է Մարթա Կոսը՝ հիշելով իր անցյալը։

Նա նաև ընդգծել է Եվրոպայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող խորը կապը։ «Եվրոպան և Հայաստանը կապված են բազմաթիվ մակարդակներով, հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը։ Հայերը մեր ընտանիքն են, և մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ այսօր մեր հարաբերություններն ավելի լավ են, քան երբեւէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում․ մենք շարունակում ենք այս հիմքի վրա կառուցել և գնալ էլ ավելի մերձեցման»,- ավելացրել է նա։

Մարթա Կոսը նշել է, որ Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղին բնականաբար ավելի է մոտեցնում երկիրը Եվրոպային։ «Դուք ընտրել եք ժողովրդավարական ուղին, սա, բնականաբար, ձեզ ավելի է մոտեցնում Եվրոպային, քանի որ Եվրոպան ավելի շատ սահմանվում է ժողովրդավարական արժեքներով և քաղաքական ընտրություններով, քան պարզապես աշխարհագրությամբ։ Իմ կոչը ձեզ հետևյալն է․ ներգրավվեք ձեր ժողովրդավարության մեջ, թե ում եք ընտրում՝ ձեր ընտրությունն է, բայց ընտրությունների օրինավորությունը պահպանելը, ձեր ժողովրդավարության և ձեր ապագան ինքնուրույն որոշելու ազատության պաշտպանությունը մի բան է, որի համար արժե պայքարել»,- եզրափակել է նա։