Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ընթանում են ակտիվ բանակցություններ և վերադասավորումներ։ Ըստ աղբյուրների՝ խորհրդարանական ընդդիմադիր դաշտից «Հայաստան» դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Ցուցակը ենթակա է «աբդեյթ»-ի, որի շրջանակում կփորձեն ներգրավել երիտասարդ ակտիվիստների՝ միաժամանակ ավելի փորձառու և տարեց քաղաքականներին տեղաշարժել ցուցակից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշում է, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթություն չէ։ Նա հավելում է, որ բանակցությունների գործընթացում են և մանրամասներ կհրապարակեն, երբ դաշինքի ձևաչափը կլինի վերջնականապես սահմանված։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հաստատում է, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն սկսվել։
ՀՀԿ-ն, որը գլխավորում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է, որ կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը, որի շուրջ հնչել են տարբեր կարծիքներ, սակայն որոշում դեռ չի կայացվել։
Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում։ Հնարավոր է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մտնեն ընտրություններին միասնական ճակատով կամ ընդհանուր ցուցակով։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը հրաժարվում է մանրամասնել այս հնարավոր միավորման մասին։ Նա նշում է, որ կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, սակայն «Հայրենիք» կուսակցությունը պլանավորում է ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ չբացառելով դաշինք կազմելու տարբերակը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքում է շրջանառվող լուրերը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նման հնարավորությունների մասին։
Բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև։ «Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը նշում է, որ բանակցային գործընթացը լայն է և հնարավոր է, որ փետրվարի սկզբին կլինի ավելի պարզ պատկեր։
Համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցություններ են ծավալում նաև «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), ԲՀԿ-ն, «Սասնա ծռեր»-ը, «Նժար» ուժը, «Հաղթանակ» կուսակցությունը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը հայտնում է, որ կուսակցությունը չունի ընտրություններին մասնակցելու որոշում։ ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հերքում է շրջանառվող լուրերը՝ որպես «լիովին սուտ»։
«Մեր ձևով» շարժումը, որը նախաձեռնվել է Նարեկ Կարապետյանի կողմից, նույնպես մտադիր է դառնալ լայն միավորման կենտրոն։ Շարժումը հայտնում է, որ չի բացառում քննարկումները այն ուժերի հետ, որոնք կիսում են նրանց գաղափարները, սակայն մանրամասներ չի հայտնում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կտրուկ հերքում է նման բանակցությունների մասին տեղեկությունները։