Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կայուն և դրական դինամիկան, որը ընդգրկում է փոխգործակցության բազմաթիվ ոլորտներ։ Նախագահները միաձայն ընդգծեցին, որ առկա է զգալի, սակայն դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ կատարեցին տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կողմերը կարևորել են նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։
Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանային կայունության։
Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելու որակապես նոր մակարդակի։