Հայաստանի Ներքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO) միջև ստորագրվել է վարչական համաձայնագիր, որը նշանակում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ համաձայնագիրը կնպաստի արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունների ամրապնդմանը և տեղեկատվության ավելի արդյունավետ փոխանակմանը։
«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ մենք հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – իր հերթին նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն կաջակցի Հայաստանին աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ սկսած կանխարգելումից և պատրաստվածության ապահովումից մինչև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքում և վերականգնման աշխատանքներ։
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Մաչեյ Պոպովսկին ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակականորեն հանձնառված է աջակցել Հայաստանին՝ առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում։ Նրա խոսքով՝ այս ջանքերը ոչ միայն նպաստում են Հայաստանի անվտանգությանը, այլև խթանում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ աղետների ռիսկերի նվազեցման, թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության ապահովման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով։ Կողմերը նաև անդրադարձել են ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակմանը և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։