• 01.02.2026 15:08

Հակակոռունցիոն կոմիտեում «Մարտի 1»-ի գործով սպասվում են նոր, ուշագրավ գործընթացներ։ Ըստ տեղեկությունների՝ նախաքննական մարմինը, բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց, նախապատրաստվում է նաև այլ գործընթացների իրականացմանը։

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ Սաշիկ Աֆյանը, գործով նախաքննությունը ավարտել է։ Նրա գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան։

Քրեական վարույթի համաձայն՝ Սաշիկ Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները։ Այնուհետև նա կազմակերպել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները։ Այս գործողությունների հետևանքով, ինչպես նշվում է, անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս։