Օրեր առաջ կալանքից ազատվել էր քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը, որը հայտնի է նաեւ Օշականցի Գեւորիկ անունով։ Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել՝ տնային կալանքը, որը համակցված է բացակայելու արգելքի եւ 13 միլիոն դրամ գրավի հետ։
Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ «օրենքով գող»՝ Սամվել Հասանյանը, որը հայտնի է «Մանգո» մականվամբ։
Քրեական գործը վերաբերում է այն հանցագործությանը, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը որոշել է, որ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։