• 03.06.2026 19:02

Ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները աստիճանաբար ձևավորվում են։ Երեկ լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ կայացրել է որոշում՝ ընտրություններին մասնակցել իր «լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Կարպիս Փաշոյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը միասին էին հաղորդում նախաձեռնել՝ յուրատեսակ «պոդքաստ», որի ընթացքում քննարկում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր հարցեր։

Կարպիս Փաշոյանը նաև Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վերջին վեց ամիսների ընթացքում ամեն ինչ արել ենք ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար՝ այս քայլերը դիտարկելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ու ամենաարդյունավետ միջոց, բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց»։ Այս հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ տարբեր քաղաքական ուժերի հետ միասին հանդես գալու բանակցությունները հաջողություն չեն գտել, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։