«Մեր եղբայրներն ընկել են, որ Հայաստանը ոտքի կանգնի, և Հայաստանը ոտքի է կանգնում, և կարող եմ ասել՝ ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր միջազգային գերտերությունների համար»,- այս հայտարարությունը արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում։
Վարչապետը նշեց, որ, չնայած այս դրական փոփոխությանը, Հայաստանը պետք է իր ռազմավարական նպատակները ձևակերպի իր հնարավորությունների և իրականությանը համապատասխան։ «Այնուամենայնիվ, Հայաստանը Հայաստանն է և Հայաստանը իր ամբիցիաներն իր չափով պետք է ձևակերպի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ աշխարհը ճանաչելու և ինքներս մեզ հետ առերեսվելու հետ կապված խնդիրներ կան։
Փաշինյանը նաև նկատեց, որ Հայաստանը հաջողությամբ է հաստատում արժանապատիվ հարաբերություններ իր միջազգային գործընկերների հետ, սակայն միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ՝ ովքեր են այդ գործընկերները և որտեղ է Հայաստանը դրված այդ համաշխարհային համատեքստում։ «Պետք է նայել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին»,- եզրափակեց վարչապետը՝ նշանակելով, որ հենց այս ցուցանիշն է թույլ տալիս ճշգրիտ գնահատել երկրի դիրքը և իրական հնարավորությունները։