• 28.07.2026 10:13

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։

Հանդիպման ընթացքում վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ նշելով, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար առանձնահատուկ կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա, և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ կընդլայնվի և կամրապնդվի։

Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր սերտ երկխոսության կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Նա նաև կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության խորացումը տարբեր ոլորտներում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները՝ ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն հայտնել են իրենց պատրաստակամությունը ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու իրենց փորձով վերոնշյալ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ։